Հունվարի 27-ին  ամբողջ աշխարհում  հարգել են Հոլոքոստի զոհերի հիշատակը: Հիշատակման աղոթք  և մոմավառության արարողություն էր տեղի ունեցել նաև Մոսկվայի սինագոգերից մեկում: Ներկա էին եղել Ռուսաստանի գլխավոր րաբբի Ադոլֆ Շաևիչը, Մոսկվայի գլխավոր րաբբի Պինհաս Գոլշդմիդտը, Ռուսաստանի հրեական կոնգրեսի նախագահ  Յուրի Կանները և այլոք: << Մենք հիշում ենք: Սակայն կարևոր է, որպեսզի  այս ողբերգության մասին հիշեն  մյուս ազգերը: Դա անհրաժեշտ է, որպեսզի նման բան չկրկնվի  ոչ մի  ժողովրդի  հետ>>- հայտարարել էր րաբբի Շաևիչը: Նշենք, որ հունվարի 27-ը, որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի  միջազգային օր  հաստատել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 2005 թվականին: Այդ նախաձեռնությամբ հանդես էին եկել Իսրայելը,  Կանադան,  Ավստրալիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, իսկ հավանություն էին տվել 90 պետություններ:  Հիշատակման օրը հունվարի 27-ն է  ընտրվել, որովհետև  1945թվականի  հենց այդ օրն է Խորհրդային  բանակը  ազատագրել Լեհաստանում գտնվող   նացիստական խոշոր համակենտրոնացման ճամբարը` Օսվենցիումը, որտեղ զոհվել է տարբեր տվյալներով մինչև 4 միլիոն մարդ: 1947 թվականին նախկին  ճամբարի տարածքում ստեղծվել է  թանգարան, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ժառանգության ցուցակում: Իսկ Իսրայելում Հոլոքոստի զոհերի հիշատակը  նշում են  հրեական օրացույցով  նիսան ամսվա 27-ին` Զատկի տոնից հետո 6-րդ օրը` այս տարի   մայիսի 4-ին: