Հրեական աշխարհում սկսվել է հրեաների ամենասիրած  տոներից մեկը` Խանուկան, որը թարգմանաբար նշանակում է լույսի տոն: Ութ օր տևող տոնը սկսվել է  դեկտեմբերի 6-ի երեկոյան: Տոնի կապակցությամբ հրեաները աշխարհի տարբեր քաղաքներում վառում են  ծիսական աշտանակի` մենորայի   մոմերը: Այդ օրը երեկոյան Ռուսաստանի Գլխավոր Րաբբի  Բերլ Լազարը Մոսկվայի Հեղափոխության հրապարակում  վառել էր ութմոմանի ծիսական աշտանակի առաջին մոմը: << Խանուկայի լույսը  դարեր շարունակ խորհրդանշել է հրեա ժողովրդի հոգևոր ուժը>>-ասել էր Բերլ Լազարը: Տոնը կապված է  մ. թ.ա.  167 թվին հրեական  ապստամբության հետ, երբ հրեաները Հուդա Մակաբեյացու առաջնորդությամբ ապստամբեցին  սելևկյան արքա Անտիոք 4-րդի դեմ, ով արգելել էր դավանել հրեականությունը և ցանկանում էր Իսրայելում տարածել հելենական մշակույթը: Ապստամբությունը հաջողությամբ էր ավարտվել և  Հուդա Մակաբեյացու գլխավորությամբ Երուսաղեմը  ազատագրելուց հետո  հրեաները սկսել էին  վերականգնել  պղծված և մասամբ ավերված Տաճարը: Տաճարի օծման օրը  պետք է վառեին գլխավոր աշտանակը` մենորան, որի լույսը միշտ վառ էին պահում: Սակայն պարզվել էր, որ աշտանակի համար օգտագործվող անարատ յուղը  քիչ է և կարող է բավականացնել  մեկ օր: Իսկ նոր յուղի պատրաստման համար անհրաժեշտ էր ութ օր: Սակայն երբ վառել էին աշտանակի լույսը, ապա այն մեկ օրվա փոխարեն վառվել էր ութ օր, մինչև  պատրաստել էին նոր յուղը: Հենց այս հրաշքին էլ նվիրված է Խանուկա տոնը: Տոնի  ընթացքում մոմերը վառում են հետևյալ  հերթականությամբ. առաջին օրը վառվում է մեկ մոմ, երկրորդ օրը` երկու և այսպես շարունակ, մինչև ութերորդ օրը, որոնք, իհարկե, ուղեկցվում են աղոթքով: Մոմերը վառում են տներում և սինագոգերում: Խանուկան ուրախության և երջանկության տոն է: Ավանդաբար  երեխաներին նվիրում են  խաղալիքներ կամ դրամ: Այդ օրերին հրեաները կազմակերպում են ճոխ հյուրասիրություններ, որոնք ուղեկցվում են երգերով, պարերով: Տոնին արգելված է ծոմ պահել: Խանուկայի ժամանակ   պատրաստում են   կաթնային`հատկապես պանրից  կերակուրներ,  ինչպես նաև կարտոֆիլե յուղաբլիթներ  և ջեմով փքաբլիթներ: Խանուկայի հրաշքի մասին է հիշեցնում նաև կերակուրը ձեթով կամ յուղով պատրաստելը: