Ի՞նչ անել, եթե ամուսիններից մեկն իր մասը չի կատարում, և մյուսը ստիպված է նրա փոխարեն կատարել ամեն բան: Ընդունելի՞ է դա արդյոք: Այս հարցում համաձայնության գալը կախված է բազում «եթե»-ներից: Եվ հաճախ ամուսնության մեջ համաձայնության գալու համար վեր է բարձրացվում «50/50» ձևաչափը:

Մշակույթ, որ դեմ է Աստվածաշնչին

Ամուսնության «50/50» ձևաչափի գաղափարով է ներծծված մեր ողջ հասարակությունը, և արդեն բազում տարիներ շարունակ: Այն գալիս է իդեալների, ազատության ու հավասարության մասին մեր գաղափարներից: Մենք ունենք հարգված լինելու իրավունք: Մենք արժանի ենք, որ վերադարձնենք այն, ինչ ներդրել ենք:

Անխոս, ամուսնությունը, որտեղ աշխատանքն ու պատասխանատվությունը ամուսիններից մեկի ուսին է, առողջ լինել չի կարող: Բայց եթե ուսումնասիրենք Աստվածաշունչը, չենք գտնի այնտեղ «50/50» ձևաչափի ամուսնության օրինակ:

«Որովհետև դուք ազատության համար եք կանչվել, եղբայրք. միայն թե ձեր ազատությունը պատճառ չտա մարմնին. այլ սիրով ծառայեցեք իրար» (Գաղատացիս 5.13):

Այսինքն, մենք ազատ չենք, որ մեզ ծառայեն, այլ ազատ ենք՝ ծառայելու ուրիշներին: Սա, իհարկե, Աստծո կողմից մեր սրտերի նորոգման արդյունքն է լինելու: Որպես քրիստոնյաներ՝ մենք ազատություն ենք գտնում ոչ այն բանում, թե ինչպես են ուրիշները մեզ վերաբերվում, այլ թե ինչպես է Աստված Քրիստոսի մեջ մեզ վերաբերվում:

Սա ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, որ դուք ձեզ վրա եք վերցնում ամուսնության մեջ բոլոր պարտականությունները ու երբեք ձեր կողակցին չեք խնդրում օգնել ձեզ: ՍՊԱՍՈՒՄԸ, որ բոլոր խնդիրները հավասարապես բաշխվելու են, և ամուսիններից ոչ մեկը ավելի շատ աշխատանք չի կատարելու մյուսից՝ այս սպասումն Է ԱՆԻՐԱԿԱՆ: Նույնպես, սա զոհաբերող սիրո օրինակ չէ, որի մեջ Աստված կանչել է մեզ ամեն տեսակ հարաբերություններում: Երբ մենք ճանաչում ենք Քրիստոսի մեջ մեր արժեքը և այն սերը, որ Աստված ուղարկել է Իր որդուն՝ մեռնելու մեզ համար, մեր կյանքը դադարում է պտտվել ուրիշներից արդար վերաբերմունք ստանալու շուրջ: Մենք ազատվում ենք եսակենտրոնությունից, որը խեղդում է մեր ուրախությունը:

«50/50» ձևաչափի ամուսնության խնդիրն այն է, որ արդարության ստեղծման ու դրսևորման փոխարեն այն դառնություն է բերում: Նման սկզբունքի նպատակը սեփական իրավունքների պահպանումն է, ոչ թե դիմացինի: Բայց Աստված չի կանչել մեզ մեր կյանքը նվիրելու սեփական իրավունքների պահպանմանը: Փոխարենը՝ Նա պատվիրել է այդ հարցերը թողնել Իրեն ու տվել է հրահանգ.

«Ոչ մի բան չլինի գրգռումով, և ոչ էլ սնապարծությունով, այլ խոնարհությունով թող մեկը մյուսին իր անձիցն ավելի լավ համարի» (Փիլիպպեցիս 2.3):

«50/50» ձևաչափի ամուսնության պարտականությունների ցուցակն ասես խիստ գործնական պայմանագիր լինի: Իսկ երբ կա խախտում, ուրեմն կա դառնության իրավունք:

Երբ Հիսուսը պատրաստվում էր թողնել Իր աշակերտներին, Նա չբաշխեց պարտականությունները, որպեսզի համոզվեր, որ ամեն բան արդար է լինելու: Փոխարենը՝ Նա իջավ ու լվաց նրանց ոտքերը: Եվ պատվիրեց նրանց նույնն անել իրար հանդեպ:

Ընտրեք ուրախությունը

Մեծ ուրախության գանձեր են սպասում ձեզ ամուսնության մեջ, եթե դուք մոռանաք արդարության ձեր սպասումների մասին: Երբ դադարեք հաշիվներ կուտակել ձեր կողակցի համար, դուք ազատ կլինեք և կտեսնեք, թե իրականում ինչ օրհնություն է ձեր ամուսինը/կինը: Դուք կտեսնեք, թե ինչպես է նա ծառայում ձեզ: Գուցե նախկինում չէիք նկատում, որովհետև զբաղված էիք ձեր հիասթափություններով ու նրա մասը պահանջելով:

Եթե մշտապես հաշվարկում եք երկուսիդ աշխատանքը՝ համեմատելով, թե ով ինչքան է արել, եթե մշտապես ակնկալում եք, որ նա կանի այս կամ այն բանը, ուրեմն «50/50» մտածելակերպը ձեզնից հեռու չէ: Դադարեք կենտրոնանալ նրա վրա, թե ինչ պետք է անի նա, և որոշեք, թե դուք ինչ պետք է անեք:

Սպասումները կարող են խեղդել ձեր ուրախությունը: Չեք կարող լինել պահանջատեր և ծառայող: Կազմեք ցուցակ, բաշխեք պարտականությունները, բայց նաև տեղ թողեք շնորհի համար: Հանձնեք այդ ցուցակը ամեն օր Աստծո ձեռքերի մեջ և իրար ծառայելու պատասխանատվություն վերցրեք: Եթե ամուսնությունը սիրով է, այն չի կարող բաժանվել «50/50» հարաբերակցության: Սերն ամբողջական է: Սերը լիարժեք է: Սերը 100 տոկոսն է…

Սառա Ուոլլես

Աղբյուր՝ Crossnews.am