ԱՄՆ-ում կալանքից  ազատ են արձակել Կիմ Դևիսին, ով հրաժարվել էր գրանցել միասեռ ամուսնությունները: Դևիսին կալանքի դատապարտած դատավոր  Դևիդ Բաննինգը բացատրել է, որ  Կիմ Դևիսին ազատ է արձակել, քանի որ  քաղաքային վարչության ամուսնությունների բաժինը, որտեղ աշխատում է  Կիմը,  կատարում է իր պարտականությունները և գրանցում է ամուսնությունները: Միաժամանակ դատարանը արգելել է Դևիսին աշխատանքի վերադառնալուց հետո   խառնվել  միասեռ զույգերի ամուսնությունների գրանցմանը: Հակառակ դեպքում դատարանը ձեռք կառնի համապատասխան միջոցներ: Նշենք, որ Կիմ Դևիսը հրաժարվել էր գրանցել միասեռ զույգերի ամուսնությունները, քանի որ դա հակասում է իր քրիստոնեական համոզմունքներին: Դատարանը նրան պարտավորեցրել էր կատարել իր աշխատանքը անկախ կրոնական համոզմունքներից: Սակայն քրիստոնյա այս կինը շարունակել էր չգրանցել միասեռ ամուսնությունները`շատ լավ գիտակցելով, որ իրեն կբանտարկեն դատարանի որոշմանը չենթարկվելու համար: Սակայն նա գերադասել էր  բանտարկությունը, քան քրիստոնեությանը հակասող այդ ամուսնությունների գրանցումը: Դևիսի բանտարկությունը մեծ արձագանք էր առաջացրել ԱՄՆ-ում: Շատերը հանդես եկան նրա պաշտպանությամբ:  Հանրապետական կուսկացությունից նախագահական ընտրությունների թեկնածու Ռենդ Պոլը հայտարարել էր. <<Անհեթեթություն   է  մարդուն բանտարկել իր կրոնական ազատությունից օգտվելու համար>>: Իսկ Կիմ Դևիսի փաստաբանը լրատվամիջոցներին տված մեկնաբանություններում  ասել էր, որ իր պաշտպանյալին հանցագործ են համարում այն բանի համար, որ նա չի կարողանում հակառակ գնալ իր խղճին: Դևիսի փաստաբանների համաձայն` Կենտուկի նահանգի սահմանադրությամբ  յուրաքանչյուր քաղաքացի  իրավունք ունի  չգործել իր խղճին հակառակ: