ԱՄՆ-ը մեծացնում է ռազմական օգնությունը  աֆրիկյան երկրներին, որոնց անվտանգությանը սպառնում է << Բոկո հարամ>> իսլամական ահաբեկչական խմբավորումը: Վերջինս   միացել է Սիրիայում և Իրաքում գործող <<Իսլամական պետությանը>>: ԱՄՆ-ը աֆրիկյան երկրներ է ուղարկում  հրահանգիչներ, տրամադրում է  զենք և  անօդաչու թռչող սարքեր: Նախագահ Բարաք Օբաման  հայտարարել էր, որ Արևմտյան Աֆրիկա է  ուղարկել  ամերիկացի 300 զինծառայողների, ովքեր տեղի  զինված ուժերին օգնելու են  << Բոկո հարամ>>-ի դեմ մղվող պայքարում: Նշենք, որ ահաբեկչական այդ խմբավորման դեմ պայքարելու համար   ստեղծված   միջազգային զինված  ուժերի կազմում  Նիգերիայի, Նիգերի, Կամերունի, Չադի և Բենինի զինծառայողներ են: <<Բոկո հարամ>> խմբավորումը հատկապես ակտիվ է գործում Նիգերիայում: Ներկայումս  նիգերիական բանակի և դաշնակիների  հարձակումների արդյունքում  իսլամիստ գրոհայիններից ազատագրել են  Նիգերիայի հյուսիսային մի շարք  շրջաններ: Ի պատասխան` իսլամիստ ահաբեկիչները Նիգերիայում և հարևան երկրներում իրականացրել են  մի շարք  ահաբեկչություններ, որոնց զոհ են գնացել խաղաղ բնակիչներ: Այդ կերպ իսլամիստ ծայրահեղականները  ցանկանում են  ցույց տալ, որ շարունակելու են  պայքարը: