Ամերիկյան  լրատվամիջոցների տեղեկացմամբ`ԱՄՆ-ի Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատը  բանաձև է ընդունել, որը  խստորեն դատապարտում է Սիրիայում և Իրաքում  << Իսլամական պետություն>>  խմբավորման  գրոհայինների կողմից  քրիստոնյաների  և կրոնական ու ազգային մյուս փոքրամասնությունների հալածանքները: Այդ փաստաթղթին կողմ են քվեարկել 383 կոնգրեսական, դեմ քվեարկող չի եղել: Բանաձևը կոչ է անում իսլամիստ գրոհայինների վայրագությունները ճանաչել  որպես ռազմական,ինչպես նաև  մարդկության դեմ  կատարված հանցագործություններ և ցեղասպանություն: Փաստաթուղթը  պատրաստել էին  հանրապետական Ջեֆ Ֆորտենբերին և դեմոկրատ Աննա Էյշոն: Բանաձևին աջակցել էր  նաև  ներկայացուցիչների պալատի  միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը: << Իսլամական պետությունը>>  ցեղասպանություն է իրականացնում:  Իսլամիստ գրոհայինները զանգվածային դաժան սպանություններ են կատարում, գլխատում են, խաչում, կտտանքների ենթարկում,  ստրկության տանում, բռնաբարում: Եվ այդ ամենը կատարվում է  կրոնական փոքրամասնություններին ոչնչացնելու ծրագրի իրականացման նպատակով>>-հայտարարել էր Էդ Ռոյսը: