Բուրկինա-Ֆասոյում Ալ Քաիդայի գրոհայինները ազատ  են արձակել առևանգված միսիոներ Ջոսելին Էլիոտին, իսկ նրա ամուսինը շարունակում է մնալ գերության մեջ: Հունվարի 15-ին  գրոհայինները Բուրկինա- Ֆասոյի հյուսիսում գտնվող Ջիբո փոքր քաղաքում առևանգել էին   միսիոներ տարեց ամուսինների` բժիշկ Քեն Էլիոտին և նրա կնոջը` Ջոսելինին: Ամուսինները Ավստրալիայի քաղաքացիներ են և 1972 թվականից բնակվում են Ջիբոյում: Նրանք արդեն ութսուն տարեկան են:  Էլիոտ ամուսիններին առևանգել էին  տնից, որը գտնվում է նրանց  կառուցած հիվանդանոցի հարևանությամբ: Բժիշկ Քենը  այդ  շրջանի  միակ վիրաբույժն է: Հաճախ ստիպված է լինում մեկ ամսվա ընթացքում  ավելի քան 150 վիրահատություն կատարել: Էլիոտ ամուսինները մեծ հարգանք են վայելում տեղի բնակչության շրջանում:   Ջոսելին Էլիոտին ազատ արձակելուց առաջ Ալ Քաիդայի գրոհայինները  տեսաերիզ էին հրապարակել, որում  հայտարարել են, որ իրենք չեն պայքարում կանանց դեմ, իսկ տարեց ամուսիններին առևանգել են, որպեսզի փոխանակեն իրենց  բանտարկված  ընկերների հետ:  Էլիոտների հարազատները հույս են հայտնել, որ  Ջոսելինին ազատ արձակած մարդիկ նույն կերպ կվարվեն նրա ամուսնու հետ, ով  իր կյանքի կեսից ավելին նվիրել է  այդ շրջանի մարդկանց  բուժելուն և ծառայելուն: