Հոկտեմբերի 31-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Հելոուինը: Տոնի ընթացքում մարդիկ կրում են  կախարդների, վհուկների, ուրվականների, վամպիրների, կմախքների և այլ չար ոգիների  տեսքով դիմակներ ու հանդերձներ, որը  տոնի պարտադիր պայմաններից մեկն է։  Հելոուինի գլխավոր խորհրդանիշը Ջեքի լամպն  է: Այն ունի դդմի տեսք, շատ հաճախ էլ պատրաստում են դդմից: Վրան փորագրվում է վախ  ներշնչող դեմք, իսկ ներսում  դրվում է վառվող  մոմ:Տոնի ավանդական գույներն են նարնջագույնը և սևը: Հելոուինի արմատները հասնում են  դարերի խորքը, մինչև հեթանոս  կելտերի ավանդույթները: Անգլիայի, Իռլանդիայի և Հյուսիսային Ֆրանսիայի  տարածքներում  բնակվող  հինավուրց կելտերի մոտ  հոկտեմբերի 31-ը  համարվում էր հին  տարվա ավարտը : Նոյեմբերի մեկի գիշերը տոնում էին  նոր տարվա սկիզբը: Կելտերի հավատալիքների համաձայն այդ գիշերը բացվում էին հանդերձյալ աշխարհի դռները  և  մահացած մարդկանց հոգիները   երկիր էին գալիս: Որպեսզի չդառնան  ուրվականների և չար ոգիների զոհը, կելտերը  հավաքվում էին դրուիդ քրմերի վառած խարույկների  մոտ  և կենդանիներ  էին զոհաբերում, որից հետո  խարույկից կրակ էին վերցնում  և տուն տանում: Տոնի խորհրդանիշը դդումն էր: Կելտերը համոզված էին, որ դդմի ներսում վառվող սրբազան կրակը վախեցնում է ոգիներին և ուրվականներին:  Քրիստոնեության տարածումից  հետո`  610 թվականի մայիսի 13-ին   Բոնիֆացիոս IV Պապը Հռոմի  հեթանոսական Պանթեոն տաճարը օծեց,  որպես  բոլոր սուրբ նահատակների տաճար:  Եվ այդ օրը սկսեցին  նշել, որպես Բոլոր սրբերի տոն: Իսկ 9-րդ  դարում  Գրիգոր IV Պապը    նոյեմբերի 1-ը  կաթոլիկ եկեղեցու համար հայտարարեց  Բոլոր սրբերի օր: Սկզբում տոնը կոչվում էր All Hallows Even` այսինքն բոլոր սրբերի նախօրե, որը հետագայում  դարձավ Halloween: Չնայած քրիստոնյա  եկեղեցին  երկարատև և համառ պայքար էր մղում այդ  օրը չար ոգիներով վախեցնելու  և կելտերի տոնից մնացած սովորությունների  դեմ, այնուամենայնիվ հեթանոս կելտերի տոնը ոչ միայն շարունակեց ապրել, այլ նաև ժողովրդի գիտակցության մեջ միաձուլվեց  եկեղեցական տոնին: Եվ այսօր   քրիստոնեական տոնի անունով հեթանոսական այդ  տոնն էլ կոչում են Halloween:  Մեծ շուքով հեթանոսական Հելոուինը տոնում են անգլախոս երկրներում,հատկապես ԱՄՆ-ում և Կանադայում, քանի որ  19-րդ դարում  Ամերիկա գաղթած  իռլանդացիները իրենց հետ բերել էին  Հելոուինի ավանդույթը:Վերջին  տարիներին տոնը սկսել են նշել նաև Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում` այդ թվում նաև Հայաստանում:Քրիստոնեական , հատկապես ավանդապաշտ  եկեղեցիները  խիստ բացասաբար են  վերաբերվում  այդ տոնին: Քրիստոնեական եկեղեցիները  այն համարում են չարաբաստիկ  և  անբովանդակ,  խստորեն դատապարտում են   հեթանոսական այդ տոնակատարությունը` այն համարելով սատանայական,  արհեստականորեն ներմուծված Արևմուտքից:  Շատ երիտասարդներ  տոնելով Հելոուինը  չեն գիտակցում  դրա վտանգավոր  իմաստը և բովանդակությունը: Շատերի համար   այդ օրը ընկերների հետ ևս մեկ անգամ հանդիպելու  և ուրախանալու առիթ է: Սակայն  դա սատանայական  խաբեություն է `մարդկանց  ներշնչելու,  որ դա ուղղակի    ուրախ  տոն է: Նման << ուրախ>> տոները   մարդկանց  հեռացնում են Աստծո հավատքից: Մեջբերենք  Panorama.am կայքի հետ զրույցում  Տեր Համբարձում քահանա Դանիելյանի խոսքերը.<< Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն անգամ բազմաթիվ առիթներով  հայ ժողովրդին տեղեկացնում է և հորդորում, որ այդ օտարածին տոներն այնքան էլ բարի չեն: Զարմանալին թերևս այն է, որ այդ տխրահռչակ գործընթացին ընթացք տվողներն անգամ տարրական գաղափար չունեն, թե իրենք ինչպիսի կործանարար բովանդակություն ունեցող տոների են մասնակցում>>: