Միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու համար Քենիա էր  այցելել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Այցի նախօրեին անցկացված հարցումնները ցույց էին տվել, որ  բազմաթիվ քենիացիներ  չեն ցանկանա լսել նախագահի ելույթը   համասեռամոլների իրավունքների և միասեռ ամուսնությունների մասին:  Քենիայի ավետարանական եկեղեցիների  700 հովիվներ բաց նամակ էին  գրել Օբամային, որում խնդրում էին   ելույթ չունենալ համասեռամոլների թեմայով: <<Թող խոսի զարգացման, համագործակցության, Քենիայի և ԱՄՆ-ի կապերի մասին, սակայն մեր հավատի և մշակույթի մասին կարիք չկա խոսել: Ընտանիքը  պետության հենարանն է: Եթե ընտանիքի ինստիտուտը  կործանվի, ապա կկործանվի նաև  պետությունը: Ուրեմն թույլ չտանք մեր երկրի կործանումը>>-ասել էր եպիսկոպոս  Մարկ Կարիուկին: Բացի դա, ավանդական ընտանիքի  կողմնակիցները  ցույցեր էին անցկացրել  մայրաքաղաք Նայրոբիում: Նշենք, որ միասեռ կապերը արգելված են Քենիայում և աֆրիկյան 37  երկրներում: Քենիայի քրեական օրենսգրքով  միասեռ կապերի համար նախատեսված  է մինչև 14 տարվա ազատազրկում: Եպիսկոպոս Կարիուկին հայտարարել էր, որ  պայքարելու են  միասեռ կապերի  օրինականացման դեմ: Նրա խոսքով`  աջակցելով միասեռ ամուսնությունների օրինականացմանը, Բարաք Օբաման  կործանում է Ամերիկան: <<Կարծում եմ, որ նախկինում ԱՄՆ-ը քրիստոնյա երկիր էր, իսկ այժմ  դարձել է Աստծուն դեմ նպատակներ ունեցող պետություն>>- ասել էր եպիսկոպոսը: Հոգևորականների հետ համամիտ են նաև երկրի առաջատար քաղաքական գործիչները:  Օրենսդիրներից մեկը  նախազգուշացրել էր, որ եթե Օբաման խոսի  համասեռամոլների իրավունքների մասին, ապա նրան կխնդրեն լռել և տուն վերադառնալ:  ԱՄՆ-ի բոլոր նահանգներում  միասեռ կապերը օրինականացնելու որոշումը հաստատվելուց հետո  Քենիայի առաջատար քաղաքական գործիչներից մեկը հայտարարել էր, որ այդ որոշումը  երկրին կհանգեցնի Սոդոմի և Գոմորի նման աղետի: