Պակիստանցի քրիստոնյա գործարար Փերվեզ Հենրի Ջիլը  որոշել է  իր հավատակիցներին   հալածանքներից պաշտպանել  յուրօրինակ ձևով:  Գործարարի խոսքով  չորս տարի առաջ երազում իրեն հայտնվել էր Տերը  և հանձնարարել միջոց գտնել  պակիստանցի քրիստոնյաներին օգնելու և պաշտպանելու համար: Երկար խորհելուց հետո Փերվեզ Ջիլը  գտնում  է լուծումը: Կարաչի քաղաքում, որտեղ  իշխանությունը   գտնվում է արմատական իսլամիստների ձեռքում,  սկսել է կառուցել հսկայական խաչ, որը պատրաստ կլինի արդեն մոտ ապագայում: << Այն դառնալու է Տիրոջ խորհրդանիշը և ով որ տեսնի այդ խաչը կազատագրվի վախից և մտահոգությունից>>- հայտարարել է Փերվեզ Ջիլը: Քրիստոնյա գործարարի խոսքով  խաչը  ամենամեծն է  Ասիայում: Իսկ ամենակարևորն այն է, որ  տեղադրվում  է Պակիստանում,  որտեղ, ինչպես հայտնի է  քրիստոնյաներին վերաբերվում են, մեղմ ասած,  ոչ բարյացակամ: Խաչի բարձրությունը 42 ու կես մետր  է: Դա  հավասար է  14 հարկանի շենքի բարձրությանը: Խաչը կառուցվում է Կարաչի քաղաքի կենտրոնում, քրիստոնեական գերեզմանատան մուտի մոտ:  Փերվեզ Ջիլի կարծիքով, հսկայական  խաչը  Պակիստանի քրիստոնյաներին  հույս կներշնչի, որ երբևիցե իրենց կյանքը  ավելի  լավը կդառնա: Ջիլը մտադիր է խաչի բացման արարողությանը հրավիրել  Հռոմի Պապին, Պակիստանի վարչապետին, Անգլիայի թագուհուն և ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Նշենք, որ  պաշտոնական վիճակագրության  համաձայն Պակիստանի 180 միլիոնանոց բնակչության  միայն մեկ ու կես տոկոսն են կազմում քրիստոնյաները: Սակայն  քրիստոնյա առաջնորդները  երկրի կառավարությանը մեղադրում են քրիստոնյաների թիվը դիտավորյալ  նվազեցնելու համար: Նրանց  տվյալներով քրիստոնյաները կազմում են Պակիստանի բնակչության մոտ հինգ ու կես տոկոսը: