Reuters համաձայն` այս տարվա հունիսի 19-ին Մեքսիկայի Գերագույն դատարանը հաստատել է, որ միասեռ ամուսնությունների արգելքը հակասում է Սահմանադրությանը: Իսկ դա նշանակում է, որ  դատարանը վերացրել է միասեռ ամուսնությունների արգելքը  երկրի  ողջ տարածքում: Այդ առնչությամբ  Գերագույն դատարանի դատավոր Օլգա Սանչեսը պահանջել է,  որպեսզի բոլոր նահանգները, որտեղ դեռևս  արգելված են միասեռ ամուսնությունները, արագ օրինականացնեն նման ամուսնությունների գրանցումը: Այսինքն  միասեռ զույգերը, որոնք ցանկանում են ամուսնություն գրանցել այդ  նահանգներից որևիցե մեկում, դա կարող են անել նահանգի դատավորների թույլտվությամբ: Միասեռ ամուսնությունները չօրինականացրած նահանգների սահմանադրություններում  մինչև համապատասխան փոփոխությունների կատարումը համասեռամոլ զույգերը ստիպված կլինեն  անցնել  դատական  բարդ գործընթացների միջով: Օլգա Սանչեսի խոսքով`  միասեռ ամուսնությունները օրինականացնելու համար առանձին նահանագների և Գերագույն դատարանի միջև դիմակայությունը կարող է տարիներ տևել, սակայն   դատավորները  այնուամենայնիվ կթույլատրեն այդ զույգերին ամուսնություններ կնքել: Մեքսիկայի պահպանողական խավերը և եկեղեցու ներկայացուցիչները  խիստ քննդատության են ենթարկել  Գերագույն  դատարանի այս որոշումը: Մեքսիկան կաթոլիկ բնակչության թվով երկրորդ  երկիրն է աշխարհում Բրազիլիայից հետո: Վերջերս անցկացված հարցումները պարզել են, որ Մեքսիկայի բնակչության 48%-ը  դեմ է միասեռ ամուսնություններին, իսկ 43%-ը  կողմ: Նշենք, որ ներկայումս  Մեքսիկայի  31 նահանգներից  29-ում միասեռ ամուսնությունները պաշտոնապես արգելված են: Մեխիկոն 200 9թվականին  դարձավ լատինաամերիկյան առաջին մայրաքաղաքը, որտեղ թույլատրեցին միասեռ ամուսնությունները: