Fides-ի տեղեկացմամբ`Արաբական Միացյալ  Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի մոտ գտնվող Մուսսաֆահ փոքրիկ քաղաքում բացել են Պողոս առաքյալի անվան կաթոլիկ նոր տաճարը: Տաճարը օծել էր Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը: Հանդիսավոր արարողության ժամանակ   Արաբական  Միացյալ էմիրությունների մշակույթի նախարարը հայտարարել էր, որ  կաթոլիկ նոր տաճարի բացումը վկայում է  իրենց երկրում առկա  կրոնական հանդուրժողականության մասին: Բացումից հետո կարդինալ Պարոլինը անցկացրել էր առաջին պատարագը, որի ժամանակ   շնորհակալություն էր հայտնել երկրի իշխանություններին տաճարի շինարարության թույլտվության և  հողատարածք տրամադրելու համար: Նշենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվում են 900 հազար կաթոլիկներ, որոնց մեծ մասը ներգաղթել են  ասիական երկրներից` այդ թվում Ֆիլիպիններից և Հնդկաստանից: Ի դեպ, նորաբաց այս տաճարը երկրորդ կաթոլիկ տաճարն է Էմիրություններում: Եկեղեցում պատարագները կատարվելու են  անգլերեն, արաբերեն լեզուներով: