AINA գործակալության համաձայն` Քաղդեա-կաթոլիկ եկեղեցուց անօրինական բռնագրաված շենքը  Իրանի իշխանությունները   մտադիր են վերածել  մուսուլմանական աղոթքի կենտրոնի: Այս առնչությամբ  խորհրդարանում քրիստոնյա փոքրամասնությանը ներկայացնող պատգամավոր  Ջոնաթան Բեթ Քելիան բողոքել էր  Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի կրոնական փոքրամասնությունների հարցերով  օգնական Հասան Յունեսին:Սակայն  վերջինս   հրաժարվել էր  քննարկել բողոքը: Ի դեպ  Հասան Յունեսին  հետախուզության և անվտանգության նախկին  նախարարն է, ում հրամանով  ձերբակալվել և  սպանվել են  բազմաթիվ այլախոհներ: Օգտվելով Իրանի կառավարության աջակցությունից շիա հոգևորականությունը շարունակում է պայքարը կրոնական փոքրամասնությունների դեմ: Անցյալ տարվա  ամռանը  ոստիկանները քանդել էին  սունի մուսուլմաններին պատկանող մզկիթը և խուզարկություն կատարել սունի հայտնի  իմամ Աբդուլա Մուսսա Զադեհի տանը: Բացի դա  տարբեր պատճառաբանություններով իրանական հատուկ ծառայությունները խանգարել են սունի մուսուլմանների աղոթքի հավաքույթները: