Հունական լրատվամիջոցների համաձայն` Թուրքիայում ընթացող նախընտրական կամպանիայի ժամանակ որոշ քաղաքական գործիչներ  դարձյալ առաջարկել են ուղղափառության խորհրդանիշ համարվող   Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել: Թուրքական մամուլը  հայտնում է, որ  մշակույթի և զբոսաշրջության նախարար  Յալչին Թոփչուն հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ  հայտարարել էր, որ  օրակարգում դրված է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը:  Թուրք նախարարը հիշեցրել էր, որ Մեհմեդ II-ը գրավելով Կոնստանդնուպոլիսը առաջնահերթ  քրիստոնեական այդ հայտնի տաճարը  դարձրել էր մզկիթ: Հույն թուրքագետ Նիկոս Խիլիադակիսի  կարծիքով  Թուրքիայի ներքին լարված վիճակը, կառավարող վերնախավի անկայուն դիրքը  կարող են խթանել տաճարը  մուսուլմանական մշակութային  հաստատություն դարձնելու քայլին: Այդ կերպ իսլամիստները հույս ունեն  մեծացնել իրենց հեղինակությունը այս տարվա նոյեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ: