Ավստրալիայի << Հիլսոնգ>> եկեղեցու փառաբանության առաջնորդ Դարլին Չեկը իր բլոգում պատմել է, թե ինչպես էր մասնակցել  Վատիկանում  հալածվող եկեղեցու համար կայացած էկումենիկ աղոթքին: Մի քանի ամիս առաջ  Դարլինի գրասենյակը նամակ էր ստացել, որում նրան հրավիրում էին մասնակցել սուրբ Պետրոսի հրապարակում կայանալիք միջոցառմանը: Նրան հրավիրում էին առաջնորդել փառաբանությունը  մյուս հայտնի կատարողների հետ միասին: Նամակում տեղեկացնում էին նաև, որ Աստծուն փառաբանելու և երկրպագելու համար  Վատիկանում հավաքվելու են քրիստոնեական տարբեր հարանվանությունների ներկայացուցիչներ: << Ես շատ հրավերներ չեմ ընդունում: Սակայն այս անգամ, Մարկի հետ միասին զգացինք, որ շատ կարևոր  է ընդունել այս հրավերը: Ինձ համար անհասկանալի է որոշ քրիստոնյաների   կոշտ և կտրուկ քննադատությունները իմ հասցեին այդ միջոցառմանը մասնակցելու համար: Նրանք չեն հասկանում, թե ես ինչու գնացի Վատիկան, ինչու էր ինձ համար կարևոր այնտեղ ներկա լինելը>>-գրել էր Դարլինը և շարունակել.<<Ես չէի գնացել այնտեղ կաթոլիկ դառնալու, կամ տեսարժան վայրերը այցելելու: Ես այնտեղ էի, որպեսզի փառաբանեմ իմ Տիրոջը, բարձրացնեմ Հիսուսի անունը>>: Այնուհետև Դարլին Չեկը նկարագրել էր սուրբ Պետրոսի հարապարակում տեղի ունեցածը.<< Ֆրանցիսկոս I Պապը հրապարակում ներկա գտնվողներին խնդրեց  երեք անգամ բարձրաձայն հռչակել, որ Հիսուսն է Տերը: Քարոզեցին  Սուրբ Հոգու զորության, Աստծո ողորմածության մասին >>-գրել էր երգչուհին: Նա  իր ափսոսանքն էր հայտնել, որ ամբողջ եկեղեցու համար աղոթելու փոխարեն, որոշ քրիստոնյաներ անհանդուրժողականություն են ցուցաբերում մյուս հարանվանությունների նկատմամբ:

Տեղեկացնենք, որ երկրպագության բողոքական առաջնորդներ Դարլին Չեկը և Դոն  Մոենը մասնակցել էին Հռոմի Պապի նախաձեռնությամբ հալածվող եկեղեցու համար  Վատիկանում տեղի ունեցած էկումենիկ  աղոթքին: