Երևանի <<Կյանքի Խոսք>> եկեղեցում ավարտվել է «Փենուէլ» աղոթքի համաժողովը: Համաժողովի   խոսնակներ էին Կանզաս սիթիի աշխարհահռչակ «Աղոթքի միջազգային տան» առաջնորդական թիմի անդամները, այդ թվում` հիմնադիր Մայք Բիքլը, ուսուցիչ և ավետարանիչ Քորի Ռասսելը, փառաբանության ավագ Միսթի Էդվարդսը, հովիվ Արթուր Սիմոնյանը և այլոք: Համաժողովի ինը օրերը անցել էին   հագեցած գրաֆիկով: Մայքլ Բիքլը  իր առաջին քարոզը նվիրել էր Աստծո սիրուն:<<Աստված սեր է․ սա ամենազորավոր ճշմարտությունն է Աստծո Խոսքի մեջ։ Աստծո էության բնույթը ամբողջ սրտով սիրելն է: Հայրը, Որդին և Սուրբ Հոգին սիրում են փրկվածներին ամբողջ սրտով, մտքով, Անձով և զորությամբ»»,- ասել էր Բիքլը: Համաժողովի օրերին ներկաները  լսում էին  Տիրոջ Խոսքը,  նոր հայտնությունները,  ստանում էին  երկրպագության վարպետության դասեր Ֆիլիպ Ռենների, Միսթի Էդվարդսի և Արթուր Արեսկինի կողմից: Իր քարոզի  ժամանակ հովիվ Արթուր Սիմոնյանը անդրադարձել էր քրիստոնեական ծառայությանը`նշելով որ դրա համար անհրաժեշտ է սրտացավություն:  «Եղիր վերջին ժամանակների քրիստոնյա, տարածիր Ավետարանի լուրը ամենուր՝ մինչև աշխարհի ծայրը»,- կոչ էր արել Արթուր Սիմոնյանը:  Համաժողովի եզրափակիչ  օրը երկրպագության ու փառաբանության ուղեկցությամբ  աղոթել էին   Հայաստանի ու հայ ժողովրդի փրկության համար:  Հոգևոր ուղերձներով հանդես էին եկել  եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը, Արթուր Սիմոնյանը: Իր խոսքում   Արթուր Սիմոնյանը ասել էր.<<Սատանան ուզում է դատարկել այս երկիրը, որ Աստծո ծրագիրը չկատարվի: Ընդհանրապես հավատացյալները հավատքով ու հույսով լցված մարդիկ են, բայց եթե նրանք են հուսալքվում ու լքում հայրենիքը, սա արդեն տնտեսական հարց չէ, այլ՝ հոգևոր>>: Այնուհետև  հովիվ Արթուրը  հրավիրել էր   համաժողովի բոլոր հյուրերին` միասին աղոթելու   Հայաստանի,  Ամերիկայի և Եվրոպայի համար:Ներկաները աղոթել էին  նաև Իսրայելի համար` րաբբի Բորիս Գրիսենկոյի առաջնորդությամբ: Նա իր խոսքում ասել էր. «Աստված կանչել է մեզ աղոթելու Իր ազգի վերականգման համար, ճանապարհ պատրաստել Իսրայելի համար, վկայել Իսրայելին Տիրոջ մասին»: «Փենուէլ» աղոթքի համաժողովի վերջին ծառայությունն անցկացրել էր  «Նոր կյանք» միջազգային կազմակերպության եպիսկոպոս Փոլ Զինքը: Նա  երկար տարիների իր ծառայության ընթացքում  շփվել է  Աստծո այնպիսի հզոր օծյալների  հետ, ինչպիսիք էին` Կատրին Կուլմանը,  Քենեթ Հեգինը, Լեսթեր Սամրալը և այլոք: <<Եկել է ժամանակը Հայաստանի համար: Ժամանակն է, որ ճանաչեք, թե որքան զորավոր է Հիսուսը» – ասել  էր  Փոլ Զինքը: