Հռոմի Պապ  Ֆրանցիսկ I-ը ֆինանսավորել է Թուրինի պատանը տեսնել ցանկացող  120 աղքատ և կարիքավոր մարդկանց ուղևորությունը: Հունիսի 21-ին  Պապը ևս այցելելու է  Թուրին`խոնարհվելու  կաթոլիկ գլխավոր տաճարում ցուցադրվող բոլոր քրիստոնյաների համար կարևոր այդ սուրբ մասունքին: Վատիկանը հրապարակել է Պապի Թուրին կատարելիք երկօրյա այցի ծրագիրը: Նա աղոթելու է  տաճարում, որտեղ ցուցադրվում է պատանը, ապա  Սուրբ հաղորդության արարողություն է կատարելու գլխավոր հրապարակում, որից հետո  ճաշելու է անչափահաս,  գաղթական և անօթևան կալանավորների հետ: Ավելի ուշ կաթոլիկ թեմերից մեկում հանդիպելու է հիվանդների և անդամալույծների հետ: Նախատեսված է նաև Պապի այցելությունը Վալդենսյան ավետարանական  եկեղեցի, որտեղ Ֆրանցիսկ I-ը կհանդիպի եկեղեցու  հովիվների հետ: Ի դեպ սա առաջին անգամ է, որ Կաթոլիկ Հովվապետը  այցելում է այս հարանվանության եկեղեցի: