Սիրիական–կաթոլիկ եկեղեցու  Պատրիարք Իգնատիոս  Յուսեֆ  3-րդ  Յունանը քննադատել է Մերձավոր Արևելքում  եվրոպական պետությունների քաղաքականությունը: <<Մերձավոր Արևելքում   արևմտյան  նմուշի դեմոկրատիա ստեղծելու փոխարեն  եվրոպական երկրները պետք է  կոնկրետ գործողություններ կատարեն   հալածվող քրիստոնյաներին օգնելու համար: Ներկայումս Սիրիայում և Իրաքում ավելի քան 150 հազար քրիստոնյաներ փախստականի կարգավիճակում են և ապրում են շատ ծանր պայմաններում>>-ասել  էր  Պատրիարքը <<Վատիկանի ռադիոյին>> տված հարցազրույցի ժամանակ: Իսկ ավելի  վաղ << Կաթոլիկ աշխարհի  նորություններ>>  գործակալությանը տված հարցազրույցում Պատրիարք  Իգնատիոսը հայտարարել էր, որ  Սիրիայի քրիստոնյաները հիասթափվել են Արևմուտքից  և ցանկանում են  հետագայում համագործակցել Մոսկվայի, Պեկինի և Դելիի հետ: Նա պատմել էր Սիրիայում տիրող իրավիճակի մասին և նշել, որ դա  մերձավորարևելյան տարածաշրջանում Արևմուտքի և ԱՄՆ-ի վարած աշխարհաքաղաքական  ռազմավարության արդյունքն է : << Դեմոկրատիայի զարգացման մասին խոսք լինել չի կարող, այդ ամենը  կեղծիք է և սուտ: Նրանք ցանկանում են մասնատել Սիրիան և այդ շրջանի մյուս երկրները: Արևմուտքի քաղաքական գործիչները չեն ցանկանում լսել մեր նախազգուշացումները: Բռնարարքների աճը տանում է քաոսի, իսկ քաոսն էլ քաղաքացիական պատերազմի: Երկու տարի առաջ ԱՄՆ-ի Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները մեզ չլսեցին: Ուստի ներկայիս իրավիճակի պատասխանատվությունը նրանց վրա է>>-ասել էր Պատրիարքը :