Մայիսի 15-ին Ռուսաստանի հրեաները առաջին անգամ նշել են  կրոնական նոր տոնը, որը կոչվում է Ազատագրության  և փրկության օր: Այս օրը նվիրված է ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակին և հրեաների փրկությանը: Տոնակատարության ժամանակ   հրեաները  շնորհակալություն էին հայտնել Աստծուն  և Կարմիր Բանակին  լիակատար ոչնչացումից  փրկվելու, ինչպես նաև  1948 թվականին Իսրայել պետության ստեղծման համար: «Այսուհետ Հաղթանակի օրը  ներառված  է ռուսական հրեական կրոնական օրացույցում  և կոչվում է Ազատագրության և փրկության օր» -հայտարարել էր Մոսկվայի Գլխավոր րաբբի Պինհաս Գոլդշմիդտը: Նրա խոսքով այս տոնը  ամբողջ աշխարհի  հրեաները նշելու են  հրեական օրացույցով իյյար ամսի  26-ին: Ի դեպ 70տարի առաջ  այդ ամսաթիվը  համընկել էր մայիսի 9-ին, իսկ այս տարի համընկել է մայիսի 15-ին: Նշենք, որ Հաղթանակի օրը որպես կրոնական տոն նշելու  գաղափարը պատկանում է Ռուսաստանի հրեական կոնգրեսի  փոխնախագահ Գերման Զախարյաեվին:Այդ նախաձեռնությանը աջակցել էին  Իսրայելի գլխավոր  րաբբիները: Տոնի իմաստը սա է. այդ օրը  հրեաները պետք է հիշեն, որ Աստծու նախախնամությամբ   և ֆաշիստների դեմ կռվող զինվորների հերոսության  շնորհիվ  հրեա ազգը փրկվեց ահավոր վտանգից` լիակատար ոչնչացումից: