Հրապարակվել է Հռոմի Պապի նոր ուղերձը

//Հրապարակվել է Հռոմի Պապի նոր ուղերձը

Հրապարակվել է Հռոմի Պապի նոր ուղերձը

Հունիսի 18-ին Վատիկանում հրապարակել են Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի թվով երկրորդ էնցիկլիկան: Կաթոլիկները էնցիկլիկա են անվանում Պապի ուղերձը  բարձրաստիճան հոգևորականությանը և հավատացյալներին: Պապի այս ուղերձը բաղկացած  է  184 էջից և  նվիրված է  շրջապատող միջավայրին  ու կլիմայական փոփոխություններին: Փաստաթղթում  Ֆրանցիսկ I-ը կոչ է անում  հոգ տանել  երկիր մոլորակի համար: Նա նշում է  ջրի և օդի  կեղտոտման,արդյունաբերական և թունավոր  թափոնների, ծովի ջրի մակարդակի բաձրացման   և եղանակային փոփոխությունների մասին: Ըստ Պապի` աշխարհը կանգնած է աղետի առաջ, որն ունի և  բնապահպանական և սոցիալական բնույթ: Նա կոչ է անում  փոխել կենսակերպը, արտադրության  և սպառման մոդելները: << Բնության հետ մեր հարաբերությունների  նորոգումը անհնարին է  առանց մարդկության նորոգման>>-ասված է ուղերձում: Պապը խիստ քննադատում  է  վառելիքի ինտենսիվ արդյունահանման վրա հիմնված զարգացման ժամանակակից մոդելը և կոչ է անում հրաժարվել  ազատ շուկայի  տիրապետող կոնցեպցիայից, որի համաձայն բոլոր խնդիրները կարող են լուծվել   մարդկանց և ընկերությունների եկամուտների  ավելացման միջոցով:  Ֆրանցիսկ I-ը զգուշացրել է նաև  տեխնոլոգիական զարգացմամբ չափից դուրս հրապուրվելուց: <<Ես չեմ առաջարկում քարի  դար  վերադառնալ: Բայց մենք պետք է կանգ առնենք և աշխարհին նայենք այլ աչքերով: Երկիրը գոյություն  է ունեցել մեզնից առաջ և նվեր է տրված մեզ>>-ասված է ուղերձում:  Նշենք, որ  Պապի ուղերձի տեքստը մատչելի կլինի անգլերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն և պորտուգալերեն լեզուներով: Բնապահպանները հույս ունեն, որ  կաթոլիկ Հովվապետի ուղերձը ազդեցություն կունենա այս տարվա դեկտեմբերին  գլոբալ տաքացմանը  նվիրված ՄԱԿ-ում կայանալիք կոնֆերանսի աշխատանքների վրա, քանի որ Պապը գլոբալ տաքացման պատճառներից է համարում նաև մարդկային գործունեությունը: << Մենք մեզ համարում ենք  երկրի տերերը և իրավունք ենք վերապահում թալանել այն: Բռնությունը բնակվում է մեր սրտերում,  մեր սրտերը խոցոտված են մեղքերով և այս հիվանդության  ախտանիշները արտահայտվում են հողում, օդում և կյանքի բոլոր ձևերում>>-ասված է Ֆրանցիսկ I-ի ուղերձում: Ի դեպ` ամերիկացի պահպանողական  մի շարք քաղաքական գործիչներ արդեն քննադատել են Ֆրանցիսկ I-ի ուղերձը:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն