Եվրոպացի մի շարք քաղաքական գործիչներ  Իրանի կառավարությանը կոչ են արել բանտից ազատ արձակել    քրիստոնյա հովիվ Սաիդ Աբեդինիին: <<Օրենքի և արդարադատության ամերիկյան կենտրոն>> իրավապաշտպան կազմակերպության  ներկայացուցիչների խոսքով հովվի կինը` Նագմեհ Աբեդինին  ելույթ էր ունեցել  Գերմանիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի առաջ, հանդիպել էր Գերմանիայի առաջատար երկու կուսակցությունների` Քրիստոնյա-դեմոկրատական միության և  Քրիստոնյա-սոցիալական միության  ղեկավարների հետ, ինչպես նաև Ֆրանսիայում հանդիպել էր  Եվրախորհրդարանի անդամների հետ: Այս հանդիպումներից հետո քաղաքական գործիչները հանդես էին եկել հայտարարություններով: Մասնավորապես Գերմանիայի մարդու իրավունքների հարցով  դաշնային կոմիսար Քրիստոֆ Շտրեսսերը ասել էր.<<Ես Իրանի կառավարությանը կոչ եմ անում անհապաղ փոխել հովիվ Աբեդինիի և բոլոր  կրոնական բանտարկյալների դատավճիռները: Ես կոչ եմ անում նաև բժշկական օգնություն ցույց տալ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հովիվ Աբեդինիին>>: Տեղեկացնենք, որ ԱՄՆ-ի քաղաքացի, ծագումով իրանցի Սաիդ Աբեդինին  Իրանում ձերբակալվել է 2013 թվականի հունվարին և քրիստոնեություն քարոզելու մեղադրանքով դատապարտվել 8 տարվա ազատազրկման: Նա  գտնվում է  Ռաջայ Շահրի կոչվող բանտում, որտեղ պահում են  ամենավտանգավոր և դաժան հանցագործների: Հովիվը բազմիցս ենթարկվել է  ծեծի և բռնությունների, որոնց հետևանքով  առողջական խնդիրներ ունի: Հովվի  կինը և  նրա շահերը պաշտպանող <<Օրենքի և արդարադատության ամերիկյան կենտրոնը>>  ջանում են  հասնել Աբեդինիի ազատ արձակմանը: Ընթացիկ տարվա հունվարին   Նագմեհ Աբեդինին   հանդիպել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի  հետ: Հանդիպման ժամանակ նախագահը հավաստիացրել էր, որ հովվին բանտից ազատ արձակելը Ամերիկայի համար  շատ կարևոր է և տեղեկացրել էր, որ Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են նաև այդ հարցին:  Սաիդ Աբեդինիին ազատ արձակելու կոչով և պահանջով  հանդես են եկել ամերիկացի կոնգրեսականներ, միջազգային իրավապաշտպան և քրիստոնեական զանազան կազմակերպություններ:  Ընթացիկ տարվա հունվարին CNN-ին տված հարցազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջաֆար Զարիֆին հարց էին տվել հովիվ Աբեդինիի մասին: Նախարարը պատասխանել էր, որ իրենց երկրում  գոյություն ունեն ներման տարբեր միջոցներ, որոնք կարելի է կիրառել  նման դեպքերում: