Մեծ Բրիտանիայի կրթական տեսչությունը  ստուգումների ժամանակ Արևելյան Լոնդոնի իսլամական դպրոցում  դասագիրք է գտել, որում կոչ է արվում  իրականացնել շարիաթով  նախատեսված  պատիժները, այդ թվում քարկոծումը: Այս մասին տեղեկացնում է Daily Mail թերթը: Մուսուլմանական այդ դպրոցում  սովորում են  11-ից մինչև 16 տարեկան 158 տղաներ: Ուսման տարեկան վարձը կազմում է 3400 ֆունտ ստեռլինգ: Տնօրինությունը պնդում է, որ  դպրոցում  մշտապես դատապարտում են  ծայրահեղականության ցանկացած  դրսևորումները,մինչդեռ տեսչական հանձնաժողովի եզրակացության մեջ գրված է. <<Գրադարանի գրքերին ծանոթանալիս հայտնաբերել ենք երեք գիրք, որոնց բովանդակությունը  հակասում է  բրիտանական օրենսդրությանը և անհարգալից վերաբերմունք է քարոզում  մարդկանց  հանդեպ: Գրքերը քարոզում են  կանանց և տղամարդկանց անհավասարություն,  պատժատեսակներ, այդ թվում քարկոծում, որոնք  արգելված են Բրիտանիայում  և չեն արտահայտում  հանդուրժողականության և ինտեգրացիայի ոգին>>:  Նախկինում ևս  ստուգումներ էին անցկացվել այդ դպրոցում և փակել էին գրադարանը, սակայն աշակերտները  շարունակել էին օգտվել գրականությունից: