Արտերկրի ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարել է, որ  չի օրհնելու միասեռ ամուսնությունները, չնայած հունիսի 26-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վճռով  նման ամուսնությունները օրինական են համարվում բոլոր նահանգներում: Ռուս եկեղեցու Չիկագոյի  թեմը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. << համասեռամոլությունը կամ ցանկացած  այլ  մեղսալի  կենսակերպը անհամատեղելի են քրիստոնեության հետ>>: Միաժամանակ հայտարարության մեջ ասված է.<< Եկեղեցին հոգևոր հիվանդանոց է, միշտ բաց է  բժշկվել ցանկացողների համար: Դա վերաբերում է նաև այն մարդկանց, ովքեր կատարել են անբարո  կամ էլ  հակաբնական արարքներ>>: Անդրադառնալով Գերագույն դատարանի ընդունած որոշմանը հայտարարության հեղինակները նշում են.<<Եկեղեցին չի ճանաչում միասեռ ամուսնությունները և չի օրհնի այդ ամուսնությունները>>: Փաստաթղթում հոգևորականությանը խորհուրդ է տրվում  միշտ պաշտպանել  Եկեղեցու դիրքորոշումը  համասեռամոլության նկատմամբ: