Երևանի <<Կյանքի Խոսք>> եկեղեցում ավարտվել է «Փենուէլ» աղոթքի համաժողովը: Համաժողովի խոսնակներ էին Կանզաս սիթիի աշխարհահռչակ «Աղոթքի միջազգային տան» առաջնորդական թիմի անդամները, այդ թվում` հիմնադիր Մայք Բիքլը, ուսուցիչ և ավետարանիչ Քորի Ռասսելը, փառաբանության ավագ Միսթի Էդվարդսը, հովիվ Արթուր Սիմոնյանը և այլոք: Համաժողովի ինը օրերը անցել էին հագեցած գրաֆիկով: Մայքլ Բիքլը իր առաջին քարոզը նվիրել էր Աստծո սիրուն:<<Աստված սեր է․ սա ամենազորավոր ճշմարտությունն է Աստծո Խոսքի մեջ։ Աստծո էության բնույթը ամբողջ սրտով սիրելն է: Հայրը, Որդին և Սուրբ Հոգին սիրում են փրկվածներին ամբողջ սրտով, մտքով, Անձով և զորությամբ»»,- ասել էր Բիքլը: Համաժողովի օրերին ներկաները լսում էին Տիրոջ Խոսքը, նոր հայտնությունները, ստանում էին երկրպագության վարպետության դասեր Ֆիլիպ Ռենների, Միսթի Էդվարդսի և Արթուր Արեսկինի կողմից: Իր քարոզի ժամանակ հովիվ Արթուր Սիմոնյանը անդրադարձել էր քրիստոնեական ծառայությանը`նշելով որ դրա համար անհրաժեշտ է սրտացավություն: «Եղիր վերջին ժամանակների քրիստոնյա, տարածիր Ավետարանի լուրը ամենուր՝ մինչև աշխարհի ծայրը»,- կոչ էր արել Արթուր Սիմոնյանը: Համաժողովի եզրափակիչ օրը երկրպագության ու փառաբանության ուղեկցությամբ աղոթել էին Հայաստանի ու հայ ժողովրդի փրկության համար: Հոգևոր ուղերձներով հանդես էին եկել եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը, Արթուր Սիմոնյանը: Իր խոսքում Արթուր Սիմոնյանը ասել էր.<<Սատանան ուզում է դատարկել այս երկիրը, որ Աստծո ծրագիրը չկատարվի: Ընդհանրապես հավատացյալները հավատքով ու հույսով լցված մարդիկ են, բայց եթե նրանք են հուսալքվում ու լքում հայրենիքը, սա արդեն տնտեսական հարց չէ, այլ՝ հոգևոր>>: Այնուհետև հովիվ Արթուրը հրավիրել էր համաժողովի բոլոր հյուրերին` միասին աղոթելու Հայաստանի, Ամերիկայի և Եվրոպայի համար:Ներկաները աղոթել էին նաև Իսրայելի համար` րաբբի Բորիս Գրիսենկոյի առաջնորդությամբ: Նա իր խոսքում ասել էր. «Աստված կանչել է մեզ աղոթելու Իր ազգի վերականգման համար, ճանապարհ պատրաստել Իսրայելի համար, վկայել Իսրայելին Տիրոջ մասին»: «Փենուէլ» աղոթքի համաժողովի վերջին ծառայությունն անցկացրել էր «Նոր կյանք» միջազգային կազմակերպության եպիսկոպոս Փոլ Զինքը: Նա երկար տարիների իր ծառայության ընթացքում շփվել է Աստծո այնպիսի հզոր օծյալների հետ, ինչպիսիք էին` Կատրին Կուլմանը, Քենեթ Հեգինը, Լեսթեր Սամրալը և այլոք: <<Եկել է ժամանակը Հայաստանի համար: Ժամանակն է, որ ճանաչեք, թե որքան զորավոր է Հիսուսը» – ասել էր Փոլ Զինքը: