Նյու Յորքի «Հավիտենություն»  եկեղեցու հովիվ  Վիլյամ  Դեվլինը ամերիկյան եկեղեցիների հովիվներին կոչ է արել  գնալ Իրաք և ծառայել հալածվող քրիստոնյաներին: «Ես իրաքցի քրիստոնյաներին ասում եմ, որ ձեզ մոտ եմ եկել, որպեսզի  իմանաք, որ Ամերիկայի եկեղեցին ձեզ չի մոռացել: Սակայն ես միակ ամերիկացի հովիվն եմ այնտեղ» – The Christian Post պարբերականին  պատմել էր հովիվ Դեվլինը, ով  անցյալ տարվա դեկտեմբերին այցելել էր Իրաքի Քուրդիստանում ապաստանած քրիստոնյաներին և ծառայել նրանց համար: Նա  ծրագրել է հուլիսին դարձյալ այցելել Իրաք:  «Պատկերացնում եք ինչեր կարող են անել մեծ եկեղեցիների հովիվները իրենց հնարավորություններով: Սակայն նրանք  դուրս չեն գալիս իրենց անվտանգ  ամբիոնների ետևից» -ասել էր Վիլյամ Դեվլինը: Նշենք, որ այս հովիվը  ծառայել է հալածվող  քրիստոնյաներին  11 երկրներում: Նա հայտարարում է. «Հիսուս Քրիստոսն է   ասել, որ  հավատացյալները պետք է    օգնեն   դժվարին պայմաններում գտնվող  քույրերին և եղբայրներին»: Հովիվ Դեվլինը պատրաստ է վճարել այն հովիվների ճանապարհածախսը, ովքեր կցանկանան իր հետ միասին մեկնել Իրաք: «Ես նպատակ ունեմ Իրաքը հեղեղել արևմուտքի մարդկանցով, ովքեր սիրում են Հիսուսին, ովքեր կցանկանան հումանիտար օգնություն տրամադրել կարիքավորներին»- պատմել  է Վիլյամ Դեվլինը: Նա նշել էր նաև, որ իր կոչին ավելի հաճախ կանայք են արձագանքում, քան տղամարդիկ: Նրանք  դա  պատճառաբանում են իրենց զբաղվածությամբ: «Ես արդեն 61 տարեկան եմ և նույնպես պարտականություններ ունեմ: Ամուսնացած եմ, հինգ երեխաների հայր եմ և երեք թոռնիկների պապ: Բայց ես գնում  եմ Իրաք: Կանանց չեմ կարող տանել, որովհետև վտանգավոր է այնտեղ: Հուսով եմ, որ կարող ենք ծառայել Իրաքում, իմ կարծիքով   իրաքցի քրիստոնյաներին չաջակցելը  ամոթ է» – ասել էր հովիվ  Վիլյամ  Դեվլինը: